Թուրքիայի պետխորհուրդը 17 րոպե քննարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

15:04     2 հուլիսի, 2020

Թուրքիայի պետական խորհուրդը 17 րոպե քննարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Turk-ին:

Նիստի արդյունքներով հաղորդվում է, որ քաղաքային խորհուրդը որոշումը կտարածի առաջիկա 15 օրվա ընթացքում:

Ավելի վաղ Hurriyet թերթը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել է քննարկել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու հարցը: Եկեղեցիների փոխհարաբերությունների և ավագ երեցների հանրության հարցերով Մոսկովյան հայրապետության Սինոդալյան մասնաճյուղի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականը Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ տագնապ է առաջացնում:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում:

Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը:

1985 թվականին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում:    


© armedia.am