Իր սեփական կետից բանակցությունները սկսած ու զրոյից արտաքին քաղաքականություն կերտող Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր վերադարձել է նախորդ իշխանության բանաձևերին: Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց. «Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձևն արդյունավետ և ընդունելի չէ և մերժվում է»: «Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- դեռ 2017-ին հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Սա ուղղակի, որպես հիշեցում:
Անդրադառնանք ավելի կարևոր ու հետաքրքիր մի դիտարկման: Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ի այդ նույն հարցազրույցում արձանագրում է. «Անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից»։
Այսինքն, արտգործնախարարը բառացի ասում է, որ Հայաստանի գործող իշխանությունը երկու տարի շարունակ բանակցել է կարգավորման ամբողջ փաթեթի շուրջ: Եվ դա այն դեպքում, որ բավական երկար Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, որ բանակցություններ չկան, պարզապես քննարկումներ են անցկացվում Ադրբեջանի ղեկավարության հետ, ասում էին, թե պարզաբանում են կարգավորման բաղադրիչների ընկալումները և այլն: Վարչապետ Փաշինյանը բառացի հայտարարում էր, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա: Այսօր արտգործնախարարը խոստովանում է, որ երկու տարի շարունակ կարգավորման ամբողջական փաթեթ է քննարկվել:
Առաջին անգամ չէ պարզ դառնում, որ թափանցիկություն խոստացած իշխանությունը բոլորովին էլ անկեղծ ու թափանցիկ չէ սեփական ժողովրդի հետ: Դա պարբերաբար բացահայտվում է նաև միջնորդների հայտարարություններից:
Հայաստանի իշխանության այս ինքնահակասականությունն ու անհետևողականությունն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում և ընդհանրապես արտաքին քաղաքականության, կարելի է ասել՝ ողջ քաղաքականության մեջ, գործող իշխանության և արդի Հայաստանի հիմնական խնդիրների պատճառն է: Սակայն, ցավոք, Արցախյան հակամարտության պարագայում դա ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային հետևանքներ կարող է ունենալ: