Հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին. Զախարովա

20:31     23 հուլիսի, 2020

Հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը:

«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում և գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ Երևանը և Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք ուղղված են զինադադարի ամրապնդմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը։

Մոսկվան հույս ունի, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավոր կլինի առարկայականորեն մշակել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը:


© armedia.am