ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահության հետ աշխատանքի արդյունավետության խնդիր ունենք. Կարեն Բեքարյան

18:25     28 հուլիսի, 2020

ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահության հետ աշխատանքի արդյունավետության խնդիր ունենք: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանն՝ անդրադառնալով համանախագահների վերջին հայտարությանը:

«Համանախագահների հայտարարությունը չուներ իր մեջ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական սադրանքի որևէ դատապարտում,հայտարարությունը չուներ որևէ հասցեականություն՝ նորից ինչ-որ լղոզված, համահարթեցված տեքստ: Համանախագահների հայտարարությունը չուներ ուղղակի անդրադարձ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին, որով նա շարունակում է Ադրբեջանին հրահրել պատերազմի», - նշել է Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահության հայտարարության մեջ կան նաև ձևաչափը փոխելու տարաբնույթ ակնարկներ՝ կարծես մեղադրող հայկական կողմին, ինչը ևս ցույց է տալիս, որ մենք վերջիններիս հետ աշխատանքի արդյունավետության խնդիրներ ունենք:

Անդրադառնալով հուլիսի 23-ին Կառավարության նիստում վարչապետի կողմից Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ներկայացված դիրքորոշմանը՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ ինչ-որ իմաստով կա հայեցակարգի ուրվագիծ, որն այդքան ժամանակ գոյություն չուներ:

«Ուշացած է, իհարկե, քանի որ արդեն իսկ Ադրբեջանի կամ միջնորդների ակնկալիքներում այդ առավելապաշտության և ցինիզմի աստիճանը բավականին բարձրացած է՝ դրանից բխող բոլոր հետևանանքերով, բայց, փառք աստծո, կա գիտակցում, որ ժամանակն է կարմիր գծերը հստակեցնելու», - նշել է վերլուծաբանը, գրել է Tert.am-ը:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ լավ կլիներ, որ Արցախի հետ մեր փոխհարաբերությունների վերաբերյալ վարչապետի ներկայացրած կետը գործողությունների ընթացքով բերի քննարկումների Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման՝ պայմանագրի տեսքով:

«Վարչապետի դիրքորոշման մեջ ներկայացված ուժի և ուժի սպառնալիքից Ադրբեջանի հրաժարման վերաբերյալ կետը նույնպես գործողությունների ճիշտ իրականացման դեպքում կարող է դառնալ քննարկման թեմա Հայաստան-Ադրբեջան-Արցախ ուժի և ուժի սպառնալիքից հրաժարման եռակողմ պայմանագրի ստորագրման վերաբեյալ», - նշել է նա:

Կարեն Բեքարյանն ընդգծել է նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևի պայմանավորվածություններն օրակարգ բերելու կարևորությունը:

«Նորից ինչ-որ բարդույթ խանգարում է վարչապետին անվանական վերադառնալու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևի պայմանավորվածություններին, որոնք «հետևողական» աշխատանքի արդյունքում դուրս մղվեցին օրակարգից, բայց վարչապետն այդ նույն թեմային անդրադառնում է որպես դիրքորոշման կարևորագույն կետերից», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ եթե ժամանակին մի կողմ դրվեին կեղծ օրակարգերը, այդ թվում նաև սեփականի կետից սկսելու վերաբերյալ, հնարավոր է չունենայինք այն իրավիճակը, որն ունենք: «Հիմա կարիքը կա, որ ԱԳՆ-ն մի կողմ դնի այն ամբողջ աղմուկը, այն ամբողջ քաոսը, որ կար մինչև այս, և իր բոլոր քայլերում ու գործողություններում հենվի ներկայացված այս դիրքորոշման վրա», - նշել է Կարեն Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ եկել է բոլոր ուղղություններում լրջանալու պահը, ներքին ամբողջ մթնոլորտը պետք է դառնա համարժեք անվտանգային սպառնալիքին:

«Իշխանություններն առաջին հերթին պետք է ճիշտ գնահատեն իրենց կարողությունները: Երկիրը, պետությունը, պետականության գոյությունը, հանրային անվտանգությունը չի կարելի դնել հարցականի տակ, եթե այդ լրջանալու կարողությունն անգամ չունեն», - նշել է վերլուծաբանը:


© armedia.am