Աշխարհի երկրները մասսայաբար գնում են COVID-19-ի դեմ պատվաստանյութը

14:23     3 օգոստոսի, 2020

Աշխարհի ամենահարուստ երկրներն արդեն պայմանագրեր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1․3 միլիարդ դեղաչափ գնելու մասին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Airfinity-ի վերլուծաբանների տվյալները, փոխանցում է Գազետան:

Նշվում է, որ այդ պետությունների շարքում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Եվրամիության երկրները: Վերլուծաբանների կարծիքով՝ նրանք մտադիր են ևս 1․5 միլիարդ պատվաստանյութ գնել այն մատակարարումների և գործարքների շնորհիվ, որոնք դեռ չեն փակվել:

Փորձագետները մտավախություն ունեն, որ այդ «ագրեսիվ գնումը» կվտանգի այլ երկրներին, որոնք կարող են վերջինը լինել պատվաստանյութի ձեռքբերման հերթում։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պայմանագիր են կնքել Sanofi եի GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, իսկ Ճապոնիան՝ Pfizer-ի հետ:

Հոդվածի հեղինակները մտավախություն ունեն, որ պատվաստանյութի դեղաչափերը կարող են բավարար չլինել ամբողջ աշխարհի բնակչության համար, իսկ աղքատ երկրներին սպառնում է 2009-ի իրավիճակի կրկնությունը, երբ մի շարք երկրներ փաստացի մոնոպոլիզացրել էին մատակարարումները։


© armedia.am