Արցախում ավելացել է ներքին զբոսաշրջության պահանջարկը

18:22     4 օգոստոսի, 2020

Արցախում ավելացել է ներքին զբոսաշրջության պահանջարկը։ Համավարակի հետ կապված՝ զգալի ակտիվություն է նկատվում հանրապետության ներքին զբոսաշրջության պահանջարկի ավելացման առումով։ Այս  մասին  «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են   ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի  և տուրիզմի նախարարությունից  (ՌԵՍԶ)՝ նշելով, որ  նոր կորոնավիրուսով պայմանավորված, ԱՀ մուտքի սահմանափակումների պատճառով,  2020 թվականի առաջին կիսամյակում ԱՀ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 82 %-ով:

«Զբոսաշրջային ընկերությունների կողմից ակտիվորեն իրացվում են քայլարշավային տուրեր դեպի Դիզափայտ լեռ, Կաչաղակաբերդ, Պտկես Բերք կոչվող սրբավայր, Պատարա գյուղ ու շրջակայք, և այլ ուղղություններ։
Դեռևս փակ են մուտքի պայմանակարգով գործող բոլոր զբոսաշրջավայրերը, թանգարանները և արգելոցները»,-հայտնել  են   նախարարությունից:

ԱՀ ՌԵՍԶ զբոսաշրջության վարչության կողմից շարունակվում են ոլորտի վերահսկողության աշխատանքները․ 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 1 հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերահաշվառում և 7 օբյեկտների հաշվառում:

2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է թվով 35 հյուրանոցային օբյեկտների մոնիթորինգ, որի արդյունքում արձանագրվել են հետևյալ արդյունքները․4 օբյեկտում ցուցանակների փոփոխության անհրաժեշտություն կար, 6 օբյեկտ ենթակա էր վերահաշվառման, 2 օբյեկտ՝  հաշվառման:
 


© armedia.am