Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիին Օմսկում ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո թունավորման կասկածանքով հոսպիտալացրել են

10:32     20 օգոստոսի, 2020

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հաղորդել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, փոխանցում է Tert.am-ը։

«Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Ալեքսեյի մոտ թունավորում է հաստատվել: Հիմա մենք շտապօգնության մեքենայով գնում ենք հիվանդանոց», - օգոստոսի 20-ի առավոտյան գրել է Յարմիշը։

Ավելի ուշ նա հավելել է, որ գործիչը, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:

«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել է Յարմիշը։

Հաղորդվում է, որ Նավալնիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

 


© armedia.am