Լատվիան կարգելի բելառուսական մի շարք պաշտոնյաների մուտքը երկիր

10:49     26 օգոստոսի, 2020

Լատվիայի նախարարների կաբինետը որոշել է արգելել հանրապետություն մուտքը  բելառուսական 30 պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման համար: Այս մասին լրագրողներին ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը:

«Լատվիան սահմանափակումներ կմտցնի բելառուսական մոտ 30 պաշտոնյաների մուտքի համար, որոնք, անկասկած, պատասխանատվություն են կրում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման և խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների կիրառման համար»,- ասել է Ռինկևիչը:

Արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ պատժամիջոցները հիմնականում ուղղված կլինեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ներքին գործերի նախարարության և հանրապետության պետական անվտանգության կոմիտեի պաշտոնատար անձանց դեմ:

Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը Ռինկևիչը և նրա էստոնացի գործընկերը կհրապարակեն հինգշաբթի օրը:


© armedia.am