Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ կնքած պատմական համաձայնագրից հետո, «արաբական և մահմեդական առաջնորդների հետ ևս մի քանի դռնփակ հանդիպումներ կանցկացվեն՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով», գրում է Fox News-ը։
Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում:
«Մենք չէինք կարողանա այդ պատմական խաղաղությունը կնքել Էմիրությունների և այլ երկրների հետ՝ առանց Միացյալ Նահանգների՝ մեր մեծ ու հավատարիմ բարեկամի հսկայական աջակցության», - ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: