«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը». Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին

13:53     31 օգոստոսի, 2020

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել արդար գործի դեմ, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Աքսոյն ընդգծել է, որ Միջերկրական ծովում բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն «տարածաշրջանի երկրների ընդհանուր համաձայնությամբ և երկխոսությամբ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:


© armedia.am