Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ ոչ ոք չի հետևում Լիբիա զենքի մատակարարման էմբարգոյին

23:01     4 սեպտեմբերի, 2020

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ ոչ ոք չի հետևում Լիբիա զենքի մատակարարման էմբարգոյին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Կահիրե կատարած այցի ժամանակ եվրոպացի դիվանագետը ասել է, որ Եվրամիությունը ձգտում է վերահսկել էմբարգոն, բայց շատ լավ հասկանում է, որ զենքի հոսքը շարունակում է հասնել Լիբիա: Նա կարծում է, որ շատ դժվար կլինի դադարեցնել ռազմական հակամարտությունը` առանց զենքի մատակարարման դադարեցման:

Էմբարգոն խախտողներին հակազդելու համար Եվրամիությունը սկսել էր IRINI ռազմածովային օպերացիան:

Այցի շրջանակներում Բորելը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին և շնորհակալություն հայտնել Լիբիայում հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերի համար:


© armedia.am