ՀՀ ԱԺ-ն ընտրեց Սահմանադրական դատարանի նոր երեք դատավորներին

13:53     15 սեպտեմբերի, 2020

ՀՀ ազգային ժողովի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց՝ ստանալով 84 կողմ, 2 դեմ ձայներ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայներով:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկության չեն մասնակցել:

Արդեն ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման պահից: Ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նրանցից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա: «Արդեն դատավորները պետք է դիմում գրեն՝ իրենց աշխատանքից դուրս գալու համար, որից հետո կկազմակերպենք երդման արարողությունն ԱԺ-ում»,-ասաց Միրզոյանը:


© armedia.am