Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը, փոխանցում է Tert.am-ը:
Ըստ Middle East Monitor հրատարակության՝ սաուդյան արքայազնն այս ամսվա սկզբին Կատար այցելած Էրդողանի խոսքերը հեգնանքով է մեկնաբանել:
«Կոչ եմ անում ամբողջովին բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- նշել է նա:
Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը, իր հերթին, թվիթերյան էջում գրել է. «Բոյկոտեք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա:
Ալ Աջլանի խոսքով՝ Թուրքիային բոյկոտելու կոչերը Սաուդյան Արաբիայի, նրա առաջնորդների և քաղաքացիների նկատմամբ թուրքական կառավարության թշնամական վերաբերմունքի պատասխանն են: