Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցել են երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովին: Այդ մասին պատգամավոր Օմուրբեկ Տեկեբաևը հայտարարել է Ղրղզստանի խորհրդարանի՝ հոկտեմբերի 16-ին կայացած նիստի ժամանակ:
«Ղրղզստանի նախագահի լիազորություններն անցնում են վարչապետ Սադիր Ժապարովին: Նման բան երկրի պատմության մեջ դեռ չի եղել, որպեսզի մի մարդու ձեռքում հայտնվի նախագահի, վարչապետի և խորհրդարանի իշխանությունը»,-ասել է Տեկեբաևը:
«Ժողովուրդն սպասում է, որ դուք կարդարացնեք սպասումները: Բարեփոխումներ անցկացնելու համար հարկավոր է պայմաններ ստեղծել: Եթե 100 օրվա ընթացքում ոչինչ չարվի, ապա հետագայում էլ ոչինչ չի լինի»,-հայտարարել է խորհրդարանականը, դիմելով Ժապարովին, որը նույնպես ներկա էր նիստին:
Հոկտեմբերի 16-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաևը հայտարարել է, որ հրաժարվում է ստանձնել պետության ղեկավարի լիազորությունները, որոնք, Սահմանադրության համաձայն, իր վրա են դրվել նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովի պաշտոնաթողությունից հետո:Հոկտեմբերի 15-ին Ժեենբեկովը Բիշքեկում տեղի ունեցող 10-օրյա բողոքների ֆոնին հայտարարել է, որ թողնում է նախագահի պաշտոնը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա երկրում: