Միջնորդներն Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացնեն․ Կարեն Բեքարյան

11:05     22 հոկտեմբերի, 2020

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
  • «Հանուն Արցախի ժողովրդի գոյության,
  •  հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,
  •  հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,
  •  հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,
  • հանուն խաղաղության,
  •  հանուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,
  • հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,
  •  հանուն պետությունների և միջազգային կառույցների սեփական հեղինակության,
  •  հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),
  •  հանուն ներկայի և ապագայի.

1. Պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,

2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,

3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման և վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,

4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզև մասնակի ճանաչում ստացած Արցախի և Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:

ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ,

պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են...»,- գրել է նա։

 


© armedia.am