Բասկերի Երկրի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի

14:01     9 նոյեմբերի, 2020

Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։ Այս մասին հաղորդում է Արցախի արտգործնախարարությունը:

Բանաձևում, մասնավորապես, նշված է․

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է  Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այդ ժամանակվանից ի վեր` քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմերն էլ համաձայնվել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսայի քաղաքային խորհուրդը.

-  Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:

- Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել՝ զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:

- Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք  է բխի ազնիվ երկխոսության և կառուցողական բանակցությունների, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:

- Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:


© armedia.am