Մենք պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք ընդհանրապես, ինչի՞ հետ ենք գործ ունեցել ընդհանրապես, և Ղարաբաղի հարցի պատմությունը մեզ ո՞ւր է հասցրել 2020 թվականին: Օրինակ, Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում և բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ, ինչպես և մեր ստորագրած հայտարարություններում, որտեղ պետք է մեկնաբանել: Կարելի է մեկնաբանել այսպես, կարելի է մեկնաբանել այնպես, որտեղ, ըստ էության, բանակցային բովանդակության 90 տոկոսը, լավ 80, 70 տոկոսը, անորոշ և մեկնաբանությունների տեղիք տվող և անհրաժեշտություն ունեցող ձևակերպումներ են: Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ընդամենը մեկ բան կա, որը եղել է որոշակի, և ես դրա մասին հրապարակային խոսել եմ: Երբ ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակը առաջին՝ Ադրբեջանի 7 շրջանների վերադարձն է: Եվ 25 տարի, ըստ էության, այս ձևակերպումը դրված է եղել մեր սեղանին, և մենք 25 տարի չենք ասել չէ: Սա միակ կետն է եղել, որը եղել է շատ որոշակի:
Օրինակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ազգային ինքնորոշում: Իսկ ի՞նչ է դա նշանակում գործնականում: Օրինակ, Ադրբեջանը միշտ տվել է իր մեկնաբանությունը, որ իր կազմում թող ինքնորոշվի: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում՝ ի՞նչ է սա նշանակում: Ճշտել, թե Լեռնային Ղարաբաղն ինչ կարգավիճակ կարող է, պետք է ունենա: Դա կարող է լինել ա, բ, գ, դ, ամենատարբեր կարգավիճակներ: Այսինքն՝ այն, ինչ դրված է բանակցային սեղանին, դեռ ճշգրտումների անհրաժեշտութուն ունի:
Միակ բանը, որը ոչ մի ճշգրտման անհրաժեշտություն չի ունեցել, այն թեզն է, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Եվ, ըստ էության, թերևս 2015 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը շատ երկար ժամանակ աշխատել է և իրեն արդյունք է պետք եղել - որովհետև այդքան աշխատել են, և արդյունք է պետք արձանագրել - ըստ էության եկել է կոնսենսուսի, որ քանի որ մի կոնկրետ հարց կա, որ սրա անհրաժեշտության մասին բանավեճ չկա, մնացած տեղերում լիքը տարընթերցում կա, եկեք համաձայնության գանք, որ այս տարածքների հարցը 5+2-ով լուծենք:
Սա, ըստ էության, օդում կախված մի իրավիճակ է, և այս իրավիճակի հետ է կապվում նաև, որ շատ հաճախ՝ նախկինում էլ, հիմա էլ, քննարկվել է, այսպես ասած, սցենարով պատերազմի տրամաբանությունը: Բայց այս պատերազմի առանձնահատկությունն ինչի՞ մեջ է: Այս պատերազմի առանձնահատկությունը նրա մեջ է, որ ոչ թե՝ համենայնդեպս, հայկական կողմից, այդ սցենարն իրագործելու նպատակ են ունեցել, այլ այդ սցենարին դիմադրելու նպատակ են ունեցել: Սա ամենակարևոր նրբությունն է այս ողջ պատմության մեջ, որ պետք է անպայման իմանալ»,- ասել է Փաշինյանը: