Կրեմլը պատրաստ է բացատրություններ տալ ԱՄՆ-ին և Ֆրանսիային

14:30     17 նոյեմբերի, 2020

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, բացատրություններ պահանջեն Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հարցով, ապա կստանան դրանք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբում մեր գործընկերները բացատրության կարիք ունենան, ապա մենք այդ բացատրությունը կտանք: Ավելին, այժմ ղարաբաղյան գործերի հարցով մեր դիվանագիտական գերատեսչությունների գծով մշտական շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել Թուրքիայի հանրապետության հետ համանախագահների երկկողմ հարաբերությունները:

«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք մեզ համար թանկ են: Ինչ վերաբերում է համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար կարևորը խաղաղությունը պահպանելն է, որը վերջերս հաստատվեց Լեռնային Ղարաբաղում: Կարևոր է նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձն ու խաղաղության պահպանման մոնիթորինգը»,-հավելել է Պեսկովը: 


© armedia.am