Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Մասիս Մայիլյանը կրկին շնորհավորել է Արա Այվազյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ արտաքին գործերի նախարարությունների համակարգված ջանքերի միջոցով հնարավոր կլինի ստեղծված դժվարին պայմաններում արդյունավետ լուծումներ գտնել երկու հայկական պետությունների առջև ծառացած բարդ խնդիրների շուրջ և իրագործել համահայկական նպատակները։
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները։