Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի կարծում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է պարտադիր լինի: Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ պատվաստումների վարչության ղեկավար Քեյթ Օ'Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չեմ կարծում, որ կարող ենք գնալ պարտադիր պատվաստման ուղով»,- ասել է նա:
Նման տեսակետ հայտնել է նաև ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը:
«Իրականությունն այն է, որ պատվաստանյութն այն է, ինչ պետք է մարդկանց, սակայն պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա զգուշորեն: Պետք է վստահեցնել մարդկանց և ներգրավել պատվաստմանը:
Կան որոշ հանգամանքներ, որոնց դեպքում կառավարությունները կարող են պահանջել պարտադիր պատվաստումներ: Բայց դրանից ավելի լավ է խուսափել: Շատ ավելի լավ է հասարակությանը կրթել, սովորեցնել օգուտների մասին, որպեսզի մարդիկ կամավոր մասնակցեն պատվաստումներին»,- ասել է Ռայանը: