Արևմտյան երկրները չեն դադարեցնի Ռուսաստանի բարենպաստ փոխգործակցությունն այլ պետությունների հետ խոչընդոտելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ մեզ համար պարզ է, որ Արևմուտքի նպատակն է հնարավորություն չտալ ձևավորել արտաքին բարենպաստ պայմաններ՝ Ռուսաստանի ներքին զարգացման համար»,- ասել է նա: «Գոնե այն ամենը, ինչ արվում է Ռուսաստանին զսպելու համար, հետապնդում է նման նպատակ: Հավանաբար, Ռուսաստանի զարգացմանը նպաստող արտաքին հնարավորությունները ոչնչացնելու փորձերը կշարունակվեն»:
Միևնույն ժամանակ, ըստ Լավրովի, «Արևմուտքը դեռ ամեն ինչ չէ»: «Համոզված եմ, որ այժմ ինտեգրվելու տեղ չկա, եթե ընդունենք զարգացման արևմտյան մոդելները: Կորոնավիրուսը, իմ կարծիքով, համոզիչ կերպով ցույց տվեց, որ պետք է ինչ-որ բան ինքնուրույն կառուցել: Սա շատ հավակնոտ և բարդ խնդիր է, բայց շատ հրատապ»,- ասել է նախարարը:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև ասել է, որ աշխարհի շատ երկրներ պաշտպանում են մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը հարգելու, ինչպես նաև զարգացման տարբեր մոդելներ ճանաչելու Մոսկվայի մոտեցումը, ինչը ցույց է տալիս Ռուսաստանը որպես մեկուսացված պետություն ներկայացնելու Արևմուտքի անկարողությունը: