Ստեփանակերտի քաղաքապետը պատմել է օդանավակայանի կառուցման ընթացքի մասին

18:38     13 դեկտեմբերի, 2020

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են «օր ու գիշեր», սակայն դժվար է նշել ավիափոխադրումների բացման կոնկրետ ժամկետը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Որքան ես գիտեմ, Ռուսաստանն ապրանքներ է ուղարկում Երևան, որտեղից դրանք մեքենայով բերում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայան է կառուցվում: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել»,- ասել է Սարգսյանը:

Նա դժվարացել է նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ամսաթիվը, բայց հավաստիացրել է, որ աշխատանքներն իրականացվում են շարունակաբար: «Կոնկրետ չեմ կարող ասել, բայց աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր»,- ասել է քաղաքապետը:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը, Դավիթ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք: Խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց դեռ մտածում են, թե ինչպիսին կլինի մեր տարածաշրջանի կարգավիճակը»: 

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին Ղարաբաղում օդանավակայանի բացման հնարավորության մասին տեղեկացրել էր ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:


© armedia.am