Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

18:37     17 դեկտեմբերի, 2020

Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի Ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը հետևել իր քայլին, հայտնում է Tert.am-ը։

Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Միջնորդագիրը քաղաքապետարանին է ներկայացրել Կաստեյոնում Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Նաիրա Սաֆարյանը։

Միջնորդագրի հիման վրա կազմված բանաձևի տակ ստորագրել են 5 կուսակցություններ՝ Սոցիալիստական (PSOE), Քաղաքացիական (Ciudadanos) Կոմպրոմիս (Compromís), Պոդեմոս (Podemos) և Ձախ միություն (Izquierda Unida), որին կողմ են քվեարկել նաև Ժողովրդական (PP) և ՎՈՔՍ (VOX) կուսակցությունները։


© armedia.am