Թրյուդոն խոստացել է հրապարակավ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

10:05     21 դեկտեմբերի, 2020

Կիրակի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է, որ հրապարակավ կպատվաստվի նոր կորոնավիրուսի դեմ, սակայն միայն այն բանից հետո, երբ պատվաստվեն մարդիկ, ում համար այդ պատվաստումն ավելի կարևոր է:

«Երբ իմ հերթը հասնի, ես սիրով կպատվաստվեմ հրապարակավ»,-հայտարարել է նա CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ինքը բոլորովին չի մտահոգվում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ինչ-որ կերպ կարող է անդրադառնալ իր առողջության վրա, քանի որ լիովին վստահում է գիտնականներին և բժիշկներին: «Մենք տարիներ շարունակ վստահել ենք նրանց, երբ նրանք պաշտպանել են մեզ կարմրուկից և հարբուխից,-ասել է Թրյուդոն:-և մենք վստահում ենք նրանց համավարակի առաջին օրից ի վեր»:

Թրյուդոն ընդգծել է, որ առաջինը կպատվաստվեն բժիշկները, սոցիալական ոլորտի աշխատակիցներն ու քաղաքացիների առավել խոցելի խմբերը: Հոկտեմբերի վերջում վարչապետը հայտնել էր, որ պատվաստվել է գրիպի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Դեկտեմբերի 13-ին Կանադա է ժամանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարող առաջին ինքնաթիռը, որը տեղափոխել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը, իսկ դեկտեմբերի 14-ին մեկնարկել են պատվաստումները: Թրյուդոն համոզմունք է հայտնել, որ պատվաստանյութի միջոցով համավարակը կհաջողվի հաղթահարել արդեն 2021 թվականին:

 

 


© armedia.am