Զարգացած մի շարք պետություններ անտեսում են իրավունքն ու քիչ զարգացած երկրների պահանջները կորոնավիրուսի դեմ իրենց բնակչության պատվաստման ապահովման հարցում: Այս մասին ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով Լոնդոնում կայացած միջոցառմն ժամանակ տեսակապով իր ելույթում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պանդեմիան մերկացրել է միջազգային համերաշխության համագործակցության լուրջ խնդիրները: Բոլորովին վերջերս մենք տեսանք դրա արտացոլանքը պատվաստանյութերի ազգայնացման մեջ, երբ որոշ հարուստ երկրներ մրցակցում էին սեփական բնակչության համար պատվաստանյութ գնելու համար՝ հաշվի չառնելով նման հնարավորությունը աղքատ երկրների համար»,-ասել է նա:
«Պանդեմիան մերկացրել է մեր աշխարհի թույլ կողմերը: Դրանք վերացնելու համար անհրաժեշտ է կրճատել անհավասարությունն ու անարդարությունը, ինչպես նաև ամրացնել փոխադարձ աջակցության ու վստահության հանգույցները»,-վստահություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից աշխարհում վարակվել է ավելի քան 89,6 մլն մարդ, մահացել ավելի քան 1,9 միլիոնը: