Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հայկական բեռնատարների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

17:22     25 հունվարի, 2021

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում Հայաստան ուղևորվող բեռնատարների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։

Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- ասված է հայտարարության մեջ:


© armedia.am