Եգիպտոսի իշխանությունները ազատ են արձակել Al-Jazeera-ի՝ 2016 թվականից կալանավորված լրագրողին

10:02     7 փետրվարի, 2021

Եգիպտոսի իշխանությունները ազատ են արձակել Al-Jazeera հեռուստաընկերության լրագրող Մահմուդ Հուսեյնին, ով ավելի քան չորս տարի կալանավորված էր:

Լրագրողը ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել շաբաթ կեսօրին: Դրանից մի քանի օր առաջ դատարանը նրա պայմանական ազատման մասին որոշում էր կայացրել՝ մինչև կեղծ տեղեկություններ հրապարակելու և արգելված խմբին պատկանելու մեղադրանքների հետաքննության ավարտը, ասել է փաստաբան Համալ Էյդը։

Փաստաբանը նշել է, որ Հուսեյնը ստիպված կլինի շաբաթը երկու անգամ ներկայանալ մոտակա ոստիկանական բաժանմունք:

Լրագրողի դուստր Էլ-Զահրա Հուսեյնը Facebook-ում հաստատել է այն լուրը, որ հայրը տուն է վերադարձել: Նրա ազատման մասին հայտնել է նաև Al-Jazeera հեռուստաալիքը:

Կատարի արբանյակային ցանցում աշխատող եգիպտացի Հուսեյնը ձերբակալվել էր Կահիրեի օդանավակայանում՝ 2016-ի դեկտեմբերին, երբ Դոհայից այնտեղ էր մեկնել արձակուրդներն ընտանիքի հետ անցկացնելու, հայտնում է հեռուստաալիքը:

 


© armedia.am