Պեսկովն անդրադարձել է Փաշինյանին «Իսկանդեր»-ի մասին սխալ զեկույցին

15:10     1 մարտի, 2021

Կրեմլին բավարարում են Երևանից ստացված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրահանգման, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվեց»,- ասել է Պեսկովը:

Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» կամ «10 տոկոսով պայթած» հրթիռների մասին: Նա այդպես էր արձագանքել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե հայ զինվորականները կարող էին «Իսկանդեր»-ն օգտագործել ռազմական գործողությունների հենց սկզբում: Երկուշաբթի «Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով վարչապետի մամուլի քարտուղարին, հայտնել է, որ Պուտինը և Փաշինյանը քննարկել են այդ հայտարարությունը և «առկա փաստերի և տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ է զեկուցվել տվյալ իրավիճակի մասին»:

Ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի անզգույշ խոսքերից հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց: Ըստ ԶԼՄ-ների` Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը ծաղրել էր վարչապետին, ինչի համար նրան հեռացրեցին աշխատանքից, ինչից հետո աշխատանքից ազատվել առաջարկվեց նաև գլխավոր շտաբի պետին: Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն են տարածեցին` պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը դա հեղաշրջման փորձ համարեց և կոչ արեց իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը բարիկադներ կառուցեց և վրանային ճամբար խփեց խորհրդարանի մոտ, նրանք հակված չեն բանակցել իշխանությունների հետ և դեռ պահանջում են վարչապետի հրաժարականը:

 


© armedia.am