Նախագահը պետք է կողմնորոշվի՝ կո՞ղմ է, թե՞ դեմ. Քոչարյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հետ կապված իրավիճակի մասին

13:37     4 մարտի, 2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր այն մասին, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը։ Ընդ որում, խանգարում է համակարգային մակարդակով: Այս մասին ուսական լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Նրա խոսքով՝ վարչապետը «Իսկանդերի» թեմայով աղմկահարույց պատմությունից հետո պետք է ներողություն խնդրի Գլխավոր շտաբից եւ անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից։ Սակայն դրա փոխարեն վարչապետը Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից։

Մեկնաբանելով պատերազմում պարտությունը՝ Քոչարյանն ընդգծեց, որ պատճառներից մեկը բանակի վրա հարձակումներն էին:

«Հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի, պատերազմում պարտության պատճառներից մեկն է. իշխանության քայլերը պետք է կանխատեսելի ու հասկանալի լինեն։ Նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել։ Գլխավոր շտաբի դեպքը փաստում է երկրում տիրող անհույս վիճակի մասին»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման թեմային՝ նախկին նախագահը պարզաբանեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության շրջանակում գործելու 3 տարբերակ ունի:

«Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին եւ ստորագրում այն, իսկ երկրորդը` նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը`իրավական դաշտում է փորձում լուծում գտնել»,-ասաց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի` ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ։ Սակայն Քոչարյանը կարծում է, որ նախագահը պետք է կողմնորոշվի` կո՞ղմ է, թե՞ դեմ, եւ որ որեւէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը:


© armedia.am