Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին

16:47     6 մարտի, 2021

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին ծառայողները, որոնց թվում կային պահեստազորի բարձրաստիճան սպաներ, և այլ քաղաքացիներ երթով միացան Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքին, փոխանցում է news.am-ը։

Հիշեցնենք, որ նրանք այսօր՝ մարտի 6–ին, ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի դիմաց իրենց աջակցությունը հայտնելով Օնիկ Գասպարյանին, ապա գնացել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Նախագահ Արմեն Սարգսյանն այստեղ չէ, մեզ, բնականաբար, չընդունեցին։ Մեզ հետ մասնակցողների մեծ մասը միացել են Բաղրամյան պողոտայի հանրահավաքին։ Հիմա իջնելու ենք ներքև, միանանք մեր հայրենակիցներին, այնուհետև բոլորով երթով կգանք այստեղ և հետո կասենք՝ ինչ կանենք»,- հայտարարեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մտադիր են պահանջել, որ նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետի միջնորդությունն ուղարկի ՍԴ։


© armedia.am