ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի չինացի պաշտոնյաների դեմ

19:17     17 մարտի, 2021

Եվրամիությունը համաձայնել է չինացի պաշտոնյաներին ներառել սև ցուցակում մարդու իրավունքների խախտումների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագետներին: 1989-ին զենքի էմբարգոյից ի վեր սա ԵՄ առաջին պատժամիջոցներն են Պեկինի դեմ:

ԵՄ դեսպանները հաստատել են ուղևորությունների արգելքների և ակտիվների սառեցման տեսքով պատժամիջոցները չորս չինացի ֆիզիկական և մեկ իրավաբանական անձի նկատմամբ, որոնց անունները չեն հրապարակվի մինչև մարտի 22-ին ԵՄ արտգործնախարարների կողմից պաշտոնապես հաստատվելը պատժամիջոցների նոր և ավելի լայն ցանկի շրջանակներում:

«Մարդու իրավունքների լուրջ խախտումների դեմ սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը: Չինացի պաշտոնյաները մեղադրվել են Չինաստանում ույղուր մահմեդական փոքրամասնության դեմ մարդու իրավունքների խախտման մեջ, ասել է նա:

ԵՄ-ն վերջին անգամ Չինաստանի՝ իր երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերոջ դեմ պատժամիջոցներ էր կիրառել 1989-ի հունիսին. զենքի արգելքը շարունակվում է մինչ օրս:


© armedia.am