Լավրովը ՌԴ-ի համար անհրաժեշտ է համարել հեռվանալ դոլարի օգտագործումից

14:11     22 մարտի, 2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի համար պատժամիջոցների ռիսկերի նվազեցման անհրաժեշտության մասին՝ տեխնոլոգիական անկախության ամրապնդման, դոլարի նկատմամբ այլընտրանքային համաշխարհային արժույթների օգտագործման և միջազգային վճարային համակարգերից հրաժարվելու միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Դուք տեսնում եք, թե ինչպես է Միացյալ Նահանգները հայտարարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները սահմանափակելու իր խնդրի մասին: Ւստի մենք պետք է պատժամիջոցների ռիսկերը նվազեցնենք մեր տեխնոլոգիական անկախության ամրապնդման, դոլարին այլընտրանք հանդիսացող ազգային արժույթներով և համաշխարհային արժույթներով հաշվարկներին անցման միջոցով»,- ասել է Լավրովը:

ՌԴ նախարարը նաև կոչ է արել «հեռվանալ Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից»: Նա պարզաբանել է, որ կյանքը Ռուսաստանին և Չինաստանին ստիպում է «իրենց գիծը տնտեսական և սոցիալական զարգացման մեջ կառուցել այնպես՝ կախված չլինելու համար այն «քմահաճույքներից», որոնք ցույց են տալիս մեր արևմտյան գործընկերները»:

«Ընդհանրապես ժամանակակից միջազգային ասպարեզում որևէ մեկին պատժելը սխալ է, իսկ Ռուսաստանին ե Չինաստանին նման չափանիշով մոտենալը պարզապես անխոհեմ է»,- ասել է Լավրովը:

Մարտի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր արտասահմանյան ուղևորությունն Ասիա: Մարտի 22-25-ը Լավրովը կայցելի Չինաստան և Հարավային Կորեա:

Մարտի 23-ին Գույլին քաղաքում նա բանակցություններ կվարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:

Մարտի 24-ին Սեուլում Լավրովը կմասնակցի Փոխադարձ փոխանակումների տարվա բացման արարողությանը, իսկ հաջորդ օրը բանակցություններ կվարի իր հարավկորեացի գործընկեր Չոն Իյ Յոնի հետ:

 


© armedia.am