«Պուտինը պատասխանատվություն է կրում մի շարք սարսափելի գործողությունների համար»․ Թրյուդո

12:13     25 մարտի, 2021

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախօրեին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատվություն է կրում «մի շարք սարսափելի գործողությունների» համար, գրում է France 24-ը։

Թրյուդոն, որը սովորաբար հրապարակայնորեն չի քննադատում այլ համաշխարհային առաջնորդներին, SiriusXM The Bridge ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները։

«Ես վստահ եմ՝  Պուտինը պատասխանատվություն է կրում մի շարք սարսափելի բաների համար․ նրա պահվածքը շարունակում է դրա ապացույցը լինել»,- ասել է նա:

Որպես օրինակ նա բերել է «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, կիբեռգրոհները, և այլ երկրների ժողովրդավարություններն ապակայունացնելու փորձերը»։

Կանադայի վարչապետի խոսքով՝ վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային ֆորումներում հանդիպումների ժամանակ այնպիսի տպավորություն է ստացել, որ «Պուտինն անում է այն, ինչ իրեն հարմար է»։

«Նրան առանձնապես չի հետաքրքրում՝ ինչ է իր մասին մտածում արևմտյան աշխարհը կամ Կանադան»,- հավելել է նա:

Հարցին, թե արդյոք համաձայն է Բայդենի այն դիտարկմանը, որ Պուտինը «մարդասպան» է, Թրյուդոն պատասխանել է․ «Նման հայտարարությամբ հանդես գալու համար ես փաստող տեղեկություն չունեմ»։

Կանադայի վարչապետը նաև հավելել է, որ վստահ է՝ «Պուտինը և ՌԴ-ն չեն աջակցում Կանադային և կանադացիներին և պետք է հստակ հասկանալ՝ ինչպես կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։

Հիշեցնենք, որ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։

Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր.«Շուտով կտեսնեք»։

Նա նաև նշել էր, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։ Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։


© armedia.am