ՇՄ նախարարությունը «Լիդիան Արմենիա»-ին մերժել է Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետից ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնել

17:01     25 մարտի, 2021

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու նպատակով Արփա գետի ներքևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրօգտագործման թույլտվություն տրամադրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՇՄ նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Մխիթարյանը։

Նա նշել է, որ 2020 թվականին ընկերությունն ստացել էր Արփա գետի ներքևի հոսանքներից 11 լ/վրկ ծավալով ջրօգտագործման թույլտվություն, սակայն այժմ դիմել էին 41,3 լ/վրկ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար։

«Ընկերությունը դիմել է Արփա գետի ներքևի հոսանքներից 30 լ/վրկ-ով ավելի շատ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Մերժման հիմք է հանդիսացել «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Այնտեղ արդյունաբերության նպատակով ջրառի ծավալը շատ չնչին է փոփոխվում, և նախատեսված չէ թույլ տալ այդ քանակությամբ»,- ասել է Մխիթարյանը։

Նախկինում «Լիդիան Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Արփա գետի Դարբ գետակից և Արփա գետի վերևի հոսանքներից ավելի մեծ ծավալով ջրառի համար, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։ Ընկերությունն այժմ ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Դարբ գետակից ջրառ իրականացնելու նախարարության մերժումը։


© armedia.am