Որևէ մեկը չի կարող վստահորեն պնդել, որ գերիների և պահվող անձանց վերադարձի ձգձգումը պայմանավորվածության արդյունք չէ, որպեսզի պատեհ պահի Փաշինյանը կարողանա դիվիդենտներ քաղել: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը, փոխանցում է Tert.am-ը:
«Ադրբեջանի և Թուրքիայի համար առավել քան շահեկան է Հայաստանում գործող իշխանությունը, որը կատարել է և շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական օրակարգի կարևորագույն խնդիրները, - նշել է Կարեն Բեքարյանը: - Արդյո՞ք մեր գերիներն Ալիևի ձեռքին պատանդ չեն՝ պատեհ պահին այդ հարցի հետ կապված որոշակի առաջխաղացում ապահովելով՝ ներքաղաքական հարցերում և ընտրական ողջ գործընթացում Փաշինյանին օժանդակելու համար»:
Վերլուծաբանը պատահական չի համարում իշխող թիմի այս կամ այն ներկայացուցչի կողմից հաշտեցման գործընթացի, խաղաղասիրական տարաբնույթ նկրտումների, հաղորդակցության ուղիների արագ վերագործարկումից Հայաստանի «շահի» վերաբերյալ ժամանակ առ ժամանակ ասպարեզ նետվող թեզերը:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ գերիների և պահվող անձանց անվերապահ և անհապաղ վերադարձը պետք է դառնա ապրիլի 7-ին նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգի առաջնային կետը:
«Այն դրված է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ որպես հիմնական կետ և Ադրբեջանի կողմից չի կատարվել: Իր բոլոր ջանքերը ներդնելու դեպքում Ռուսաստանի կողմից այս օրակարգի առաջ մղումը, չեմ կասկածում, որ կփոխի իրավիճակը», - նշել է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն իր լռությամբ դառնում է գերիներին և պահվող անձանց պատանդ դարձրած այս կեղտոտ խաղի մասնակից՝ ունենալով Փաշինյանի ռեժիմի երկարացման և պահպանման նպատակադրում:
Ըստ վերլուծաբանի՝ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում պետք է ներառվի նաև Ադրբեջանի հայատյաց հռետորաբանությանը վերջ տալու, միջազգային կառույցներում թշնամական գործողությունների, Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմի դադարեցման հարցերը, սահմանագծման և սահմանազատման հարցերով միջազգային իրավունքին և պրակտիկային համաձայն հանձնաժողովի ստեղծումը:
«Ես մեկ շատ կարևոր հանգամանք՝ պետք է, վերջապես, հստակեցվի բանակցային ձևաչափը, պատրաստվի նրա օրակարգը, հստակեցվեն մեկնարկի ժամկետները: Բանակցային ձևաչափի հիմքում պետք է լինի ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի իրավական, քաղաքական, բարոյական գնահատականը, քաղաքական խնդիրներն ուժի սպառնալիքով և ուժի կիրառման արդյունքում լուծելու անթույլատրելիությունը և քաղաքական կարգավորման գործընթացի բոլոր բաց մնացած հարցերի բանակցային ձևաչափի ներքո մեկնարկի խնդիրը», - եզրափակել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: