Թուրքիայի իշխանությունները նախատեսում են առաջիկայում Ռուսաստանի հետ տիեզերքում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք կառուցում ենք երկկողմ հարաբերություններ այն երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք համապատասխանում են մեր նպատակներին:Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մենք առաջիկայում նախատեսում ենք համաձայնագրեր ստորագրել», - ասել է Յըլդըրըմը:
Ըստ նրա՝ տիեզերքի ուսումնասիրության համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք մեծ հնարավորություններ ունենք տիեզերական գործունեության շատ ոլորտներում: Մենք հավատում ենք, որ կարող ենք շատ ավելի արագ առաջ շարժվել, եթե կարողանանք ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել` հիմնվելով փոխշահավետ համագործակցության սկզբունքի վրա», - ասել է թուրքական գործակալության ղեկավարը: