Կիպրոսի հոգևոր առաջնորդները դատապարտում են հայկական վանքի տարածքի օգտագործումը տեխնո-երեկույթի համար: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Financial Mirror-ին:
Սուրբ Մակարավանքը գտնվում է Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային Կիպրոսում՝ Պենտադակտիլոս լեռնաշղթայում:
Համատեղ հայտարարության մեջ Կիպրոսի հոգևոր առաջնորդները դատապարտել են «Կիպրոսի երկրպագության վայրերի և գերեզմանատների չարաշահումը, անհարգալից վերաբերմունքը և պղծումը ՝ անկախ մտադրությունից, դավանանքից»:
Միջոցառումների պլանավորման թիմը տեխո-երեկույթ էր կազմակերպել հայկական վանքում:
Միջոցառումը ձայնագրվել և տեղադրվել է YouTube-ում ապրիլի 7-ին:
Սուրբ Մակարավանքը 11-րդ դարի վանք է, որը հիմնադրվել է Կոպտի Ուղղափառ եկեղեցու կողմից ՝ ի հիշատակ Ալեքսանդրիայի ճգնավոր սուրբ Մակարի:
Վանքը հայ համայնքին է հանձնվել 15-րդ դարում և այդ ժամանակից ի վեր անխզելիորեն կապված է դրա հետ:
Վանքն առանց հսկողության է մնացել 1974 թվականից և անհապաղ պաշտպանության, նորոգման և ամբողջական վերականգնման խիստ կարիք ունի:
ԱՄՆ դեսպանատունը նույնպես «խստորեն դատապարտել է» Սուրբ Մակարավանքի օգտագործումը: «Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք հոգևոր առաջնորդների կոչը, որ բոլոր աղոթատեղիները պաշտպանված պետք է լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը: