Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ Ալիևի հայտարարությունները կոչված են միջազգային հանրության և, ինչու ոչ, մեր հասարակության մոտ ադրբեջանական խաղաղասիրության և կառուցողականության իմիտացիա ստեղծելուն:
Ադրբեջանը պետական բարձր մակարդակով, այդ թվում նաև նախագահի, մեկ անգամ չէ, որ հայտարարել է Հայաստանի, մասնավորապես Երևանի, Զանգեզուրի և Սևանի, նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին՝ իր նկրտումները հիմնավորելով դրանց իբր թե «պատմական ադրբեջանական տարածք» լինելով:
Այժմ Ադրբեջանի նախագահը մի կողմից հայտարարում է, որ հավակնություններ չունի այդ տարածքների նկատմամբ, մյուս կողմից կրկնում է դրանց «պատմական ադրբեջանական» լինելու մասին աբսուրդային թեզը՝ ընդգծելով, որ իրենք մի օր վերադառնալու են այդ տարածքներ:
Ընդ որում, այս համատեքստում ուշագրավ է Ալիևի հայտարարությունն այն մասին, որ իրենք արդեն վերադարձել են Զանգեզուրի «միջանցք»:
Հայաստանի իշխանությունը, խուսափելով «միջանցք» բառի օգտագործումից, նշում է, որ Սյունիքի հարցում իրենք բանակցում են բացառապես տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման հարց, սակայն այստեղ Ալիևը, կարծես թե, այլ կարծիք ունի, և Ադրբեջանում այդ միջանցքն ընկալում են ավելին, քան զուտ հաղորդակցության ուղի:
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ շարունակում է վարել հոգեբանական պատերազմ, և պարզ է, որ Ալիևի հայտարարությունը մանիպուլյացիաներ է պարունակում, սակայն, ցավոք, Հայաստանի գործող իշխանության նկատմամբ կա զրո վստահություն, քանի որ պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած գործընթացներում վերջինս մեկ անգամ չէ, որ սեփական հանրությունից թաքցրել է իրականությունը՝ այնուհետև կանգնեցնելով դառը իրականության առաջ: Ուստի, այս հարցում կողմնորոշվելը, թե որտեղ է ճնմարտությունը, բավականին դժվար է:
Ինչ վերաբերում է վերադառնալու մասին Ալիևի հայտարարությանը. եթե մի պահ անգամ փորձենք պատկերացնել, որ Ալիևն անկեղծ է և այս հատարարությունը չի արվել, որպեսզի միջազգային հանրությունը և մեր հասարակությունը հավատա իրենց կեղծ կառուցողականությանն և խաղաղասիրությանը, ապա Ալիևն, ըստ էության խոսում է մարդկանց՝ առաջին հերթին փախաստականների վերադարձի մասին:
Նշենք, որ 1988 թվականի դեպքերից առաջ, ըստ 1979 թ.-ին ԽՍՀՄ տարածքում անցկացված մարդահամարի` Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիների թիվը կազմել է 160.841 (ամբողջ բնակչության 5,3%), իսկ ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվող հայերի թիվը՝ 475.486 (ամբողջ բնակչության 7.9%):
Բնականաբար, Ալիևը չի կարող չիմանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի փախստականների վերադարձի համատեքստում Ադրբեջանն իր համար թվային ոչ բարենպաստ պատկեր ունի, և չգիտակցել դրա հետևանքները: Եթե նա, այնուամենայնիվ, որոշել է բացել այս հարցը, ի՞նչ ակնկալիքներ ունի՝ որ այս խնդիրը ևս պետք է լուծվի միակողմանի՞, որ Հայաստանի իշխանությունը հերթական անգամ անխոս կատարի իր պահանջները՝ մոռանալով մեր ազգային և պետական շահերի մասին…