«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի դեմ պատերազմում ներգրավված սիրիացի երկու վարձկանների դատավճռին և դրա հետ կապված մեր պետության անելիքներին:
«Երեկ հրապարակվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում ներգրավված սիրիացի երկու վարձկանների դատավճիռը: Նրանք դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Սա բավական կարևոր իրադարձություն էր, որ, կարծում եմ, բավարար ծավալով տեղ չգտավ մեր (և ոչ միայն մեր) լրատվական հոսքերում: Տարբեր ասպեկտներով կարելի էր անդրադառնալ, բայց ես փորձեմ ընդգծել դրա նշանակությունը տեղեկատվական պատերազմի համատեքստում:
Փաստացիորեն, դատարանի վճռով հաստատվեց, որ պատերազմական գործողություններում Բաքվի կողմից ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ, ավելին՝ մեղադրական եզրակացության մեջ նշվեց ևս ավելի քան 30 վարձկանների մասին, որոնց անձը հաստատված է, և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված: Սա դատարանի վճռով հաստատված ապացույցն է նրա, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 1989թ-ի Կոնվենցիան “Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման մասին”, 2005-ի կոնվենցիան Ահաբեկչության կանխարգելման մասին և այլն:
Փաստը, որ մեզ մոտ դատարանի առաջ են կանգնած վարձկան ահաբեկիչներ, պիտի աղաղակվեր աշխարհով մեկ: Այս իրադարձությունը պիտի միջազգային բարձր հնչեղություն ստանար: Սա կարող էր տեղեկատվական պատերազմում հզոր զենք լինել մեր ձեռքին, եթե Ա – իշխանությունները գիտակցեին դրա կարևորությունը, Բ- առանց ուշացնելու անեն համապատասխան քայլեր՝ դրանից արդյունքներ ստանալու ուղղությամբ:
Իսկ այսօր մենք, փաստորեն, նորից բախվում ենք «պետություն չունենալու» իրողության հետ՝ իր բոլոր հետևանքներով», - գրել է Մխիթարյանը: