Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ», - հայտարարել է Մոջթաբա Զոլնուրին:
«Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք և, ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը», - ավելացրել է Զոլնուրին։