Մոսկվան կողմ է Ղարաբաղում և հարակից շրջաններում ՅՈւՆԵՍԿՕ առաքելության կազմակերպմանը. Զախարովա

13:23     21 մայիսի, 2021

Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման մշտապես քննարկվում է մեր շփումներում, ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է news.am-ը, մայիսի 21-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ առաքելության շուտափույթ կազմակերպմանը, աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- նշել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին համանախագահների ընդունած հայտարարությունում նշված է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը վերաբերում են այն հարցերի թվին, որոնք Ադրբեջանից և Հայաստանից պահանջում են լրացուցիչ ջանքերի գործադրում»։

Ադրբեջանը 2020թ. պատերազմի հետևանքով զավթած Արցախի տարածքներում «նորոգման աշխատանքների իրականացման» պատրվակով խեղաթյուրում է հայկական պատմամշակութային հուշարձանները։


© armedia.am