Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ շրջանակում հրաժարվել դոլարային հաշվարկներից

18:09     21 մայիսի, 2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հրաժարվել Եվրասիական տնտեսական միությունում ածխաջրածինների առևտրում դոլարային հաշվարկներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Համոզված եմ, որ եկել է ժամանակը, որ ԵԱՏՄ-ն պետք է լուրջ քաղաքական որոշում կայացնի ածխաջրածինների ներքին առևտրի ապադոլարացման վերաբերյալ», - ասել է Բելառուսի նախագահը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ-ում առաջնային խնդիրներից մեկը փոխարժեքների պահպանման և հաշվարկների անվտանգությունն ապահովելու համար համակարգված միջոցառումների մշակումն է:

«Այս առումով, մենք ողջունում ենք միության համար ընդհանուր վճարային տարածքի զարգացումը, այդ թվում՝ ազգային արժույթներով հաշվարկներին անցումը խթանելու նպատակով»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը  կարևոր է համարել նաև շարունակել աշխատանքը ԵԱՏՄ պետությունների ֆինանսական շուկաներ փոխադարձ հասանելիության պարզեցման և ընդհանուր ֆինանսական շուկայի հետագա կառուցման ուղղությամբ:


© armedia.am