Մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոնյաների համար կնախատեսվեն սոցիալական երաշխիքներ

16:57     25 մայիսի, 2021

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մարտական գործողություններում  ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:

«Օրենքը վերաբերվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձանց համար սոցիալական լրացուցիչ երաշխիքներին, որոնք որպես կամավորական կամ զորահավաքային զորակոչի միջոցով ընդգրկված են եղել մարտական գործողություններում: Մասնավորապես առաջարկվում էր այդ ժամանակահատվածում նրանց հիմնական աշխատավարձի պահպանության երաշխիքը: Առաջարկվում է նաև, որ այդ ժամանակահատվածը ներառվի աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված»,-ասաց նա:

Նաև առաջարկվում է, որ այդ ժամանակահատվածում կիսամյակային գնահատականի կամ կատարողականի բացասական գնահատման դեպքում չկիրառվեն նույն օրենքով նախատեսված սանկցիաները՝ այսինքն` աշխատավարձի իջեցումը կամ բնականոն աճի կասեցումը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել է մեկ բովանդակային փոփոխություն: «Նախատեսում էինք, որ որոշակի ժամանակահատվածում պարգևատրումները պետք է տրվեն սեպտեմբերի 27-ից ծագած իրավակարգավորումների առումով, սակայն վերջնաժամկետ չէինք սահմանել: Առաջարկվում է ավելացել՝ բայց ոչ ուշ, քան տվյալ կիսամյակի ավարտը: Դա ենթադրում է, որ առաջին կիսամյակի համար մարտական գործողություներին մասնակցած անձանց պարգևատրումները պետք է վճարվեն ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 30-ը»,-ասաց Քալաշյանը:


© armedia.am