Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին. Փայլանը՝ թուրք նախարարին

16:29     27 մայիսի, 2021

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, հայտնում է Ermenihaber-ը: 

Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը:

Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան Թունջելի և վերջերս սկանդալային հայտարարություններով Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի կապի մասին: Սոյլուն. մանրամասներ չհայտնելով, հռետորական հարցեր էր տվել, թե ով է Թունջելին և Փեքերին գործընկերներ դարձրել, և թե ով կամ ինչ համակարգ էր Թունջելին վստահել Փեքերին: 

Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու՞ դատարանին չեք հայտնել ձեր իմացած այն տեղեկությունները, որոնք վերաբերել են Դինքի սպանության հետ Սեդաթ Փեքերի կապին:

2. Ո՞վ և ո՞ր համակարգն է Էրհան Թունջելին վստահել Սեդաթ Փեքերին:

3. Ե՞րբ եք դատական համակարգին հայտնելու այն, ինչ գիտեք Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում վերջին երեք շաբաթվա ընթացքում ցնցել է Թուրքիան YouTube-ում տեղադրված մի շարք տեսանյութերով: Նա մեղադրանքներ է առաջադրում հայտնի թուրք պետական ​​նախկին ու ներկա գործիչների դեմ, այդ թվում` սպանության, բռնաբարության, կոռուպցիայի և թմրանյութերի վաճառքի մեջ:


© armedia.am