Իրանը երբևէ միջուկային զենք չի ունենա իմ նախագահության օրոք. Բայդեն

17:16     29 հունիսի, 2021

Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը երբևէ միջուկային զենք չի ունենա իմ նախագահության օրոք»,- նշել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը՝ հայտարարելով, որ Իրանի շուրջ իրավիճակը կքննարկի Ռիվլինի հետ։

Բայդենն ավելացրել է, որ կարգադրել է ավիահարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների օբյեկտներին, որոնք, Վաշինգտոնի վարկածով, հարձակվում էին ամերիկացի զինծառայողների վրա։ Նախագահը պարզաբանել է, որ ղեկավարվել է ամերիկյան սահմանադրության երկրորդ հոդվածով, որը թույլ է տալիս գլխավոր հրամանատարին դիմել ռազմական գործողությունների՝ որպես ինքնապաշտպանություն։ «Եվ ես նման լիազորություններ ունեմ (սահմանադրության) երկրորդ հոդվածին համապատասխան, և անգամ նրանք Կոնգրեսում, ովքեր չեն ցանկանում ընդունել դա, խոստովանել են, որ այդպես է»,- նշել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ իր պարտավորություններն Իսրայելի հանդեպ «անփոփոխ» են և որ ինքը «անսասան» հավատարիմ է հրեական պետության ինքնապաշտպանությանը։ Սպիտակ տան ղեկավարը աջակցություն է հայտնել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Եվ բացի այս կարևոր գործընթացից, մենք մեծ հույս ունենք ստեղծելու խաղաղության և կայունության ավելի լայն դաշինք։ Միացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նա ասել է, որ «շատ շուտով» Վաշինգտոնում կընդունի Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին։ Պատասխանելով հարցին, թե կայցելի արդյոք ինքը՝ նախագահն Իսրայել, Բայդենն ընդգծել է. «Ճշգրիտ ժամկետ չունեմ, բայց կմեկնեմ (Իսրայել)»։

Ռավլինը նշել է, որ Իսրայելն ավելի լավ դաշնակից չունի, քան Միացյալ Նահանգները, և որ դեմոկրատական արժեքները կապում են երկու երկրները։ «Դուք մեր լավ բարեկամներն եք, մենք լավ բարեկամներ ենք, և կապերը Իսրայելի ու Ամերիկայի ժողովուրդների միջև հիմնված են այն ըմբռնման վրա, որ մենք կիսում ենք դեմոկրատիայի և լիբերալիզմի արժեքները»,- ավելացրել է Իսրայելի նախագահը։


© armedia.am