Իրանի Իսլամական Հանրապետությունը քննադատել է ՄԱԿ-ին՝ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան հակամարտությունների ընթացքում անչափահասների իրավունքների ոտնահարման առումով «սև ցուցակում» չընդգրկելու համար և կոչ արել ոչ խտրական մոտեցում որդեգրել, հայտնում է իրանական Tehran Times թերթը։
Զեկույցում նշվում է, որ երեխաների հավաքագրումը որպես մարտիկների, դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումները, սպանություններն ու խեղումները, սեռական ոտնձգությունները և առևանգումները կարող են ներառվել ՄԱԿ-ի զեկույցի լրացումներում, ինչը կարող է հանգեցնել Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին: Այնուամենայնիվ, Իսրայելի վարչակազմը երբեք ցուցակում չի եղել, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան, որն արյունալի պատերազմ է մղել Եմենում, այդ ցուցակից հանվել է 2020 թվականին՝ Եմենի երեխաներին սպանելու և վիրավորելու համար ամոթանքներից մի քանի տարի անց։
«Զինված հակամարտություններում երեխաների, մասնավորապես աղջիկների պաշտպանությունը բարոյական և հումանիտար հիմնարար սկզբունք է, և պետք է անել ամեն բան՝ երաշխավորելու հակամարտությունների բոլոր կողմերի նկատմամբ հարգանքը», - ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը և հավելել, որ զինված հակամարտություններում երեխաների իրավունքները ոտնահարող կողմերին ցուցակագրելու մեխանիզմը նույնպես պետք է արդյունավետորեն և առանց խտրականության գործի։
Մաջիդ Թախթ Ռավանչին նշել է, որ ՄԱԿ-ը հաստատել է 2020 թվականի ընթացքում Եմենում 194 մարդու սպանվելն ու վիրավորվելը և հավելել, որ Իսրայելը շարունակում է կոպտորեն ոտնահարել երեխաների իրավունքներն Արևմտյան Ասիայում։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը հաստատում է 331 պաղեստինցի երեխաների նկատմամբ դաժան բռնության 1031 դեպք՝ ներառյալ 11 սպանություն, 324 վնասվածք, 361 ձերբակալություն և 30 հարձակում հիվանդանոցների և դպրոցների վրա՝ շեշտելով, որ անցյալ ամիս Գազայում պաղեստինցիների և Իսրայելի միջև 11-օրյա պատերազմում իրենց կյանքը կորցրած 253 պաղեստինցիներից 66-ը երեխաներ են եղել, փոխանցում է Tert.am-ը: