Հայերը միշտ առաջնային տեղ են ունեցել Ադրբեջանի հասարակական, մշակութային, գործնական և իհարկե ստորտային կյանքում: Եվ չնայած այսօր խոսքի ազատության սահմանափակումը, պետական մակարդակում հակահայկական քարոզչությունն արգելում է Ադրբեջանի պատմության մեջ հայերի դերի մասին որևէ հիշատակում՝ պատմության էջերն այնքան էլ հեշտ չէ ջնջել:
Այսպես, ադրբեջանական սպորտի պատմության ամենավառ էջերից մեկը գրել է ըմբիշ Արտյոմ Տերյանը: 1953 թվականին սպորտային Բաքուն ոգևորված էր Նեապոլից ստացած լուրով. այնտեղ ավարտվել էր դասական ըմբշամարտի աշխարհի առաջնությունն, որին մասնակցել էին նաև խորհրդային մարզիկներ: Նրանցից 5-ը՝ այդ թվում նաև Ադրբեջանը ներկայացնող Արտյոմ Տերյանն, արժանացել են ոսկի մեդալների:
Տերյանի հաջողությունը հատուկ նշանակություն ուներ, քանի որ նա դարձել էր Ադրբեջանի առաջին մարզիկը, ով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նշենք, որ Տերյանի անունը լավ հայտնի էր մարզական աշխարհում: Նեապոլի առաջնությունից մեկ տարի առաջ Տերյանը բրոնզե մեդալ էր նվաճել Հելսինկիում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ 1951 թվականին նա դարձել էր դասական և ազատ ոճի ըմբշամարտերի ԽՍՀՄ չեմպիոն:
Արտյոմ Տերյանը ծնվել է 1930 թվականին Կիրովաբադում, նրա ծնողները Բանանց գյուղից էին: Ըմբշամարտով ապագա չեմպիոնը սկսել է զբաղվել 15 տարեկանում: Սկզբում Արտյոմը տարվել է հայկական ազգային ըմբշամարտով՝ կոխով, այնուհետև սակայն անցում է կատարել դասական ըմբշամարտին: Նրա առաջին մարզիչն եղել է Անդրո Դանիելյանը:
Դպրոցն ավարտելուց հետո Արտյոմ Տերյանը ընդունվել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Արդեն 1950 թվականին դարձել է ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն գերթեթև քաշային կարգում:
Տաղանդավոր մարզիկը մոտոցիկլից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքի պատճառով 1955 թվականին ստիպված էր ավարտել իր մարզական կարիերան և անցնել մարզչական գործունեության: 1970 թվականին Արտյոմ Տերյանը դարձավ կենցաղային հողի վրա սպանության զոհ:
Տերյանի նեապոլյան հաջողությունը 8 տարի շարունակ Ադրբեջանի ոչ մի մարզիկ չէր կարողանում կրկնել: Միայն 1961 թվականին հաջողվեց աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալ Ադրբեջանի մեկ այլ մարզիկի՝ կրկին ազգությամբ հայ Արմայիս Սայադովը:
Ավելացնենք, որ Ադրբեջանը ներկայացնող հայ մարզիկները հնչեղ հաղթանակներ էին տանում ոչ միայն ըմբշամարտի գորգի վրա: Նրանք հարևան երկրին փառք էին բերում նաև այլ մարզաձևերում՝ կերտելով ադրբեջանական սպորտի պատմությունը: