Բաքուն և Մոսկվան շարունակում են համաձայնեցնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը․ Ադրբեջանի նախագահի օգնական

12:33     6 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ` կապված Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին գրում է Interfax.az-ը։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում, փոխանցում է Panorama.am-ը:

Ըստ Հաջիևի, Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:

Հաջիևն ասել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խաղաղապահ ուժերի համար սահմանում է «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակ»:

«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում», - հայտարարել է Հաջիևը։


© armedia.am