Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը համարում է նոր մարտահրավեր. Արցախի նախագահի խոսնակ

10:01     7 սեպտեմբերի, 2021

Պաշտոնական Ստեփանակերտը Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող ցանկացած գործողություն՝ այդ թվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, համարում է նոր մարտահրավեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Ոչ միայն այդ զորավարժությունները, այլ նաև Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում կատարվող ցանկացած իրադարձություն դիտարկում ենք որպես նոր մարտահրավեր, որին պետք է պատրաստ լինել, և այդ սկզբունքի հիման վրա էլ կառուցվում են բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Արցախի իշխանությունների կողմից»,- նշեց Ավանեսյանը:

Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նշված գործընթացների առնչությամբ որոշակի քննարկումներ տեղի են ունենում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ, բայց ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց:


© armedia.am