Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1,2 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախին

11:05     22 հոկտեմբերի, 2021

Ռուս խաղաղապահները և Ռուսաստանի ու Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` Գառնիկ Ավանեսյանի անվան դպրոցում 1,2 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել կարիքավոր ընտանիքների համար: «Այսօր Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է մարդասիրական ակցիա։

«Օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքի, առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում Խրամորթ բնակավայրի աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: Նրա խոսքով` հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաև բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաև երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները աշնանային և ձմեռային մանկական հագուստ, կոշիկներ, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են փոխանցել։

«Շնորհակալություն այս ամենի համար։ Ճիշտն ասած, պատերազմից հետո մեր երեխաների դեմքին ժպիտ չէի տեսել, իսկ հիմա ես լավ տրամադրություն ունեմ։ Տեսա, թե ինչպես են նրանք ժպտում և ուրախանում։ Այն, ինչ դուք եք արել, միշտ կմնա մեր հիշողության մեջ»,-ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:


© armedia.am